Ահա և Մեծ պահքի յոթերորդ կիրակիին հասանք, որ Ծաղկազարդ է կոչվում` ի հիշատակ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու: Իսկ թե ինչու է այս կիրակին կապված ծաղկի զարդարման հետ, կիմանանք, երբ կարդանք ավետարանական այդ հատվածը։
Երբ Հիսուսն իր աշակերտների հետ դուրս եկավ Երիքովից, երկու կույրեր, որ նստած էին ճանապարհին, իմանալով, որ Հիսուսն է անցնում, աղաղակեցին. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ որդի» (Մատթ. 20, 29-33): Հիսուսը, գթալով նրանց, բժշկեց ու շարունակեց Իր ճանապարհը: Մոտենալով Երուսաղեմին` նրանք եկան Բեթփագե, և Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց այդ գյուղը` պատվիրելով այնտեղից բերել մի կապված էշ և նրա հետ` մի ավանակ: Հիսուսն ասաց նաև, որ եթե որևէ մեկն արգելի նրանց, ասեն, որ դրանք իրենց Տիրոջը պետք են: Այդպես էլ եղավ: Փողոցում կապված էշն ու ավանակն արձակեցին և բերեցին Հիսուսի մոտ: Նրանց վրա իրենց զգեստները գցեցին, իսկ բազում մարդիկ, հանելով իրենց զգեստները, փռեցին ճանապարհի վրա, այն ճանապարհի, որտեղով պիտի անցներ Հիսուսը: Ժողովուրդն աղաղակում էր. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն բարձունքներում»: Մյուս ավետարանիչն ասում է, որ ժողովրդից ոմանք էլ արմավենու թարմ ճյուղերով էին դիմավորում Երուսաղեմ մտնող Փրկչին։ ՈՒ քանի որ արմավենի ոչ բոլոր երկրներում է աճում, այդ պատճառով հավատավորները գարնանը բողբոջած ծառերի ճյուղեր կամ ծաղիկներ են բերում եկեղեցի և պատարագից հետո օրհնված այդ ամենը տանում են իրենց տները, որպեսզի Տիրոջ ներկայության օրհնությունները հարատևեն իրենց ընտանիքներից ներս։
Մեր Տերը` Հիսուս Քրիստոսը, Իր թագավորությունը հաստատելու համար շատ բանի կարիք չուներ. Նրա աշակերտներից երկուսը, համաձայն ավանդության` Պետրոսն ու Հովհաննեսը, Բեթփագեից ընդամենը մի էշ և էշի քուռակ արձակեցին ու բերեցին Նրա համար: «Տիրոջը պետք են»,- ասացին նրանք, երբ այնտեղ փողոցում կանգնած մարդիկ ընդդիմացան:
Եթե համեմատելու լինենք, ապա կհամոզվենք, որ այսօր էլ գրեթե նույն բանն է կատարվում, երբ եկեղեցուց դուրս գտնվող մարդկանց քարոզվում է Տիրոջ փրկագործության մասին, շատերն ընդդիմանում են, տարբեր պատճառաբանություններ բերելով։ Հիսուսի` ավանակի վրա նստելը խորհրդանշում է այն, որ հետայսու մարդկությունը Հիսուսի լուծը պիտի կրի, Նրա սիրո պատվիրաններով կամ նոր օրենքով պիտի մտնի Երուսաղեմ` Աստծո թագավորություն: Իսկ այդ ճանապարհը խոնարհության ճանապարհն է, որովհետև «խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50, 19):
Խորհրդաբար հանդերձները էշի վրա գցելը ավազանի միջոցով մաքրվելն է խորհրդանշում, քանի որ մերկանալով մեր հին հանդերձից` նորն ենք հագնում։ Իսկ ճանապարհին հանդերձները փռելը Հիսուսին երկրպագելն է խորհրդանշում. մենք ճանապարհ ենք պատրաստում Նրա համար, մեր անձերը նվիրում Նրան: Մեր նախածնողները, զգեստի նմանությամբ, տերևով փորձեցին ծածկել իրենց մեղքը, իսկ այսօր մենք մերկանում ենք` խոստովանելով Նրա առաջ մեր մեղքերը, և միայն այդ ճանապարհով ազատվում մեղքի անեծքից:
Բայց այս ամենից հետո հիշենք, որ այս ամբոխը, որ Հիսուսին դիմավորեց օվսաննաների բացականչություններով, Պիղատոսի պալատի հրապարակում դրանցից շատերն աղաղակում էին. «Խա՛չը հանիր դրան, խա՛չը հանիր»։ ՈՒ չլինի թե մենք, որ մեզ առաջին քրիստոնյա ազգն ենք համարում, երբ մեղքի ու սրբության ընտրության առջև կանգնելու լինենք, մեր Տիրոջը նորից խաչենք` մերժելով Նրա խոսքն ու պատվիրանները։
Իսկ Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, երբ հիշվում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի տնօրինությունները։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ